Սաուդյան Արաբիայում գործարար կանանց համար նախատեսված քաղաք կկառուցվի
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են գործարար կանանց համար նախատեսված քաղաք կառուցելու մասին: Ինչպես հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Arabian Business-ին, նոր քաղաքը կկառուցվի երկրի արևելքում գտնվող Էլ-Հուֆուֆ քաղաքի տարածքում, որտեղ կտեղակայվեն, մասնավորապես, բոլոր այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերն են կանայք, ինչպես նաև կանանց համար նախատեսված ապրանք արտադրող ֆաբրիկաները:
Ներդրումների ծավալն ու շինարարության ժամկետը դեռ չի նշվում:
Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքները խիստ սահմանափակ են` շարիաթի նորմերի հիման վրա գրված օրենսդրության պատճառով: Մասնավորապես` կանանց արգելվում է ավտոմեքենա վարել, միայնակ ճամփորդել: Միայն այս տարվա հունիսի վերջին Սաուդյան Արաբիայի կանանց առաջին անգամ թույլատրվել է մասնակցել Օլիմպիական խաղերին:










