Վանի նահանգապետարանն սկսել է Վանի Կտուց կղզու հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները

09:45 • 09.08.12

Աղթամար եկեղեցու վերակառուցումից հետո թուրքական կառավարությունն այժմ էլ սկսել է Վանի Կտուց (Չարփանաք) կղզու եկեղեցու վերանորոգման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել:


Ինչպես տեղեկացնում է «Ջիհան» գործակալությունը, վերակառուցումն արվում է Վանում տեղի ունեցած երկու ավերիչ երկրաշարժերից հետո տուրիզմը զարգացնելու նպատակով:


Մինչև 1915 թ-ը գործած Կտուցի եկեղեցու վերականգնմանն ուղղված նախնական աշխատանքներն արդեն սկսվել են: Ընթանում են նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում երրորդ պատարագը մատուցելուն ուղղված աշխատանքները:


Թուրք ճարտարապետները նշում են, որ 1720 թ.-ին տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցին էական վնաս է կրել, սակայն կանգուն է եղել մինչև 1915 թ-ը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2011 թ-ի երկրաշարժից այն լուրջ վնաս չի կրել: «Յուզընջը յըլ» համալսարանի ճարտարապետաշինարարական համալսարանի դոցենտ Սահաբեթթին Օզթյուրքը նշել է, որ վերակառուցման նախագիծն արդեն կա և շուտով աշխատանքները սկսվելու են:

«Նախ եկեղեցու հյուսիսում և արևմուտքում պեղումներ պետք է կատարել: Սակայն փորելուն զուգահեռ վերակառուցման աշխատանքներն էլ պետք է րոպե առաջ սկսել, որպեսզի այն շուտով նախկին գործառույթներին վերադարձվի: Վանի նահանգապետարանն ու Մշակույթի և զբոսաշրջության վարչությունը արդեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկում են»,-ասել է նա: