Ինդոնեզիայում կբացվի Հայաստանի դեսպանատուն

11:10 • 09.08.12

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ինդոնեզիայի Հանրապետություն: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նույն օրը կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեգավայի բանակցությունները, որոնք ընթացել են նախ առաձնազրույցի, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

 

Բարի գալուստ մաղթելով Էդվարդ Նալբանդյանին՝ Ինդոնեզիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր համար ուրախալի է հյուրընկալել Հայաստանի արտգործնախարարին և հույս հայտնել, որ այս այցելությունը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում:

 

Նախարար Նատալեգավայի խոսքերով՝ Հայաստանի և Ինդոնեզիայի փոխգործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, և այս այցելությունը լավ հնարավորությունն է ընձեռում քննարկելու այդ ներուժի բացահայտման և օգտագործման ուղիները, ինչպես նաև ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է նոր թափ հաղորդել երկկողմ հարաբերություններին:

 

Շնորհակալություն հայտնելով Ջակարտա այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ այցելությունը խորհրդանշական է, քանի որ տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ հոբելյանական տարում և կարևորեց Ինդոնեզիայի հետ տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացման և ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումը, որը նախարարի բնորոշմամբ իր այցելության գլխավոր նպատակն է:

 

«Շարմ էլ-Շեյխում ուղիղ երեք ամիս առաջ տեղի ունեցած հանդիպմանը մենք պայմանավորվեցինք գործնական քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու և խորացնելու մեր երկկողմ համագործակցությունը, և ես ուրախ եմ արձանագրել, որ այսօր, ի պատասխան Ձեր հրավերին, ես գտնվում եմ Ջակարտայում հենց այդ նպատակով: Ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ մոտ ապագայում Ինդոնեզիայում՝ Հարավ-Արևելյան Ասիայում կարևոր դերակատարություն ունեցող երկրում, դեսպանատուն բացելու Հայաստանի մտադրության մասին, ինչը հավելյալ նոր լիցք և որակ կհաղորդի մեր հարաբերություններին»,- ընդգծել է ՀՀ արտգործնախարարը:

 

Ողջունելով Ջակարտայում դեսպանություն բացելու Հայաստանի մտադրությունը՝ նախարար Նատալեգավան շեշտել է, որ Ինդոնեզիայի իշխանությունները ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպանատան աշխատանքներին:

 

Զրուցակիցները հանգամանալից զրույցել են երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ, պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման, իրավական դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու մասին:

 

Գործարար կապերի խթանման քննարկումների ենթատեքստում նախարարները քննարկել են Հայաստանի և Ինդոնեզիայի Առևտրի պալատների համագործակցության հնարավորությունը:

 

Մշակութային փոխանակումները խթանելու նպատակով հայկական կողմի առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել մշակութային բնագավառում համագործակցության վերաբերյալ այդ բնագավառում համագործակցության համաձայնագրի մշակման և կնքման մասին: Հայաստանի և Ինդոնեզիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:


Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, կովկասյան տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հաստատման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորան գործընթացի վերջին զարգացումները: Նախարաները համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի: Ինդոնեզիայի արտգործնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները հարավ-արևելյան Ասիայի տարածաշրջանում, ԱՍԵԱՆ-ի շրջանակներում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ:

 

Մարտի Նատալեգավան տեղեկացրել է Ջակարտայում տեղակայված ԱՍԵԱՆ-ի՝ տարածաշրջանում աճող դերակատարության, այդ կառույցի շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների մասին: Հայաստանի արտգործնախարարն իր ինդոնեզացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երևան: Հայաստանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարարները միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին»: Հանդիպումից հետո նախարարները հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:


Ջակարտայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև Ինդոնեզիայի էկոնոմիկայի հարցերի համակարգող նախարար Մուհամադ Հատա Ռայասայի հետ: Հանդիպման ընթացքում մտքերբ են փոխանակվել հայ-ինդոնեզական առևտրատնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերի՝ ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման, գործարար համաժողովների, ցուցահանդեսների կազմակերպման, երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ստեղծման, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Մուհամադ Հատա Ռայասային կարևորել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որով նախատեսվում է ստեղծել հայ-ինդոնեզիական համատեղ համաձնաժողով:

 

Երեկոյան, ավարտելով այցելությունը Ջակարտա՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Օքլենդ, որտեղ օգոստոսի 9-ին նախատեսված է ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Նոր Զելանդիայի արտգործնախարարի հետ: