Վրաստանի քաղաքացին եղբոր տանը ինքնասպան է եղել

18:30 • 09.08.12

Այսօր` օգոստոսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Առավոտյան `ժամը 8.50-ի սահմաններում, Լոռու մարզի Ուրասարի գյուղապետ Սուրիկ Կիրակոսյանը Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նույն գյուղի բնակիչ Անախին Լեոնտինի տանը կից անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել նրա քույրը: Նշված տուն են մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչ Զորիկ Բաբայանի գլխավորությամբ:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննչական խումբը նշված անասնագոմում հայտնաբերել է Ա.Լեոնտինի քրոջ` 86-ամյա Ա.Շիպոլինայի մարմինը:

 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ինքնասպան եղած կինը Վրաստանի Հանրապետության քաղաքացի էր, բնակվում էր Թբիլիսիում և այցելության էր եկել եղբորը:

 

Օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է ռուսերեն գրված նամակ, որում Ա.Շիպոլինան գրել էր. «Խնդրում եմ` ինձ ներեք, և ոչ ոքի չմեղադրեք իմ մահվան մեջ»:

 

Փորձագետի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

Փաստի առթիվ քննիչ Զ. Բաբայանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական` պարզելու համար նամակի հեղինակի ինքնությունը: