Մեդվեդևն առաջարկել է «կանաչ լույս» վառել բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների առաջ
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կոչ է արել չվախենալ ներգաղթյալների հոսքից, այլ կառավարել դրանք, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Կարևորագույն խնդիրը քաղաքակիրթ ու հավասարակշռված աշխատաշուկա ստեղծելն է, որը մեզ դեռ չի հաջողվել անել, և մեր տնտեսությունը որակավորված աշխատուժով ապահովելը: Միգրացիոն գործընթացները կրում են մշտական բնույթ, դրանցից չպետք է վախենալ, այլ պետք է կառավարել դրանք»,- Կառավարության նիստում ասել է Մեդվեդևը:
Նրա խոսքով` Ռուսաստանում հաշվվում է ավելի քան 10 մլն ներգաղթյալ:
Նա միևնույն ժամանակ հայտնել է, որ Ռուսաստանից նույնպես մեկնում են արտերկիր: «Ցավոք, մեկնում են, սովորաբար, բարձրագույն կրթությամբ մարդիկ, իսկ մեզ մոտ գալիս են հիմնականում ցածր որակավորում ունեցողները, որոնք դժվարությամբ են բացատրվում ռուսերենով, շատ հաճախ չեն իմանում մեր օրենքներն ու մշակույթը»,-մտահոգություն է հայտնել գործադիրի ղեկավարը:
Մեդվեդևի կարծիքով` անհրաժեշտ է կրթված ու լավ պատրաստված ներգաղթյալների առաջ «կանաչ լույս» վառել: «Ներգաղթյալներին պետք է գրավել այն աշխատատեղերով, որտեղ ռուս քաղաքացիների կողմից հայտեր չկան»,- ասել է նա:
Ըստ վարչապետի` ներգաղթյալների պետական քաղաքականությունը չի համապատասխանում այդ խնդիրներին ու այն փոփոխություններին, որոնք կատարվում են աշխարհում: Այդ պատճառով այն պետք է փոփոխության ենթարկվի:
Նշենք, որ աշխատելու նպատակով Հայաստանից Ռուսաստան են մեկնում տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ:










