Սեյրան Օհանյանն այցելել է երկրի հյուսիսարևելյան սահմաններ (լուսանկարներ)

14:45 • 09.08.12

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 7-ին այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի և տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

 

Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների հուսալիությունը:

 

Սեյրան Օհանյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստությանը և բարոյահոգեբանական վիճակին: Զրույցի ընթացքում նախարարն ընդգծել է, որ սահմանային հատվածում կառուցվել են օրինակելի պաշտպանական, ամրաշինական կառույցներ և հենակետեր:

 

Այնուհետև Սեյրան Օհանյանը եղել է հյուսիսարևելյան սահմանները պաշտպանող զորամասում, այցելել հրաձգարան, որտեղ նույնպես ընթանում են կառուցապատման և շինարարական աշխատանքներ:

 

Այցի շրջանակներում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև սահմանամերձ Չինարի և Արծվաբերդ գյուղերի բնակչության հետ, լսել նրանցհուզող և մտահոգող հարցերը:

 

Հանդիպման ավարտին Չինարի գյուղի դպրոցի աշակերտները նախարարին հանձնել են իրենց կողմից գրված շնորհակալագրերն ու բարեմաղթանքները, որոնցում նրանք կարևորել են ուժեղ պետության, ուժեղ բանակի և ուժեղ զինվորի դերն ու նշանակությունն ու շնորհակալություն հայտնել ազգային բանակի զինվորին՝ երկրի սահմաններն անառիկ պահելու համար: