Սերժ Թանկյանի տեսաուղերձն ի պաշտպանություն Թեղուտի (տեսանյութ)
Այսօր հայաստանցի բնապահպան-ակտիվիստները տարածել են աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի բացառիկ ուղերձը` ի պաշտպանություն Թեղուտի:
Տեսաուղերձում Թանկյանը պատմում է, որ 2011թ. Հայաստան կատարած իր առաջին այցելության ժամանակ եղել է նաև Լոռու մարզում:
«Ես տեսա տեղի հրաշալի բնությունը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար և 600 միլիոն տոննա այլ թափոններ»,- ասում է Թանկյանը:
Հայազգի ռոք երգիչը նշում է, որ թեև հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, սակայն ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռ էական եկամուտներ չի ստանում և հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա էական ազդեցություն չի թողել:
«Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների կյանքն ու առողջությունը: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար»,- ասել է նա:
Թանկյանը, որպես այլընտրանք առաջարկել է շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: «Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե՛ տնտեսական և թե՛ էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ»,- ասել է նա:










