Տիմոշենկոն այժմ էլ մեղադրվում է բանտի աշխատակցին ծեծի ենթարկելու մեջ

12:50 • 09.08.12

Ազատազրկման դատապարտված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հերթական քրեական գործն է հարուցվել` այս անգամ քննչական մեկուսարանի աշխատակցին մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով: Այս մասին «Սեգոդնյա» թերթին ասել է Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը:

 

Նրա խոսքով` Տիմոշենկոյի նկատմամբ քրգործ կհարուցվի նաև 1996թ.-ին պատգամավոր Եվգենի Շերբանի սպանությանը մեղսակցության մեղադրանքով:

«Կան նաև այլ գործեր, որոնք նույնպես հետաքննվում են: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ոչ մի գործ անավարտ չի մնա: Յուրաքանչյուրը կավարտվի օրենքով նախատեսված ժամանակահատվածում ու կուղարկվի դատարան»,- ասել է նա:


Տիմոշենկոն նախորդ տարվա հոկտեմբերին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման` 2009թ.-ին Ռուսաստանի հետ գազային պայմանագիր կնքելու ժամանակ լիազորությունները չարաշահելու համար: Դեկտեմբերի վերջին նա Կիևից տեղափոխվել է Խարկովի գաղութ: