iPhone-ը և iPad-ը կարող են աննկատ լուսանկարել և տեսաձայնագրել. «Կասպերսկի» ընկերության համասեփականատեր
Infowatch ընկերության ղեկավար Նատալյա Կասպերսկայան, նախկինում Եվգենի Կասպերսկու կինը և «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության համասեփականատերը, ժամանակակից ամենաակտուալ կիբեր սպառնալիքների թվում նշում է պաշտոնյաների կողմից iPhone-ների և iPad-ների օգտագործումը: Նրա կարծիքով, այդ սարքերը կարող են օգտատերերի համար աննկատ լուսանկարել և տեսաձայնագրել և այդ տեղեկությունները ուղարկել Apple-ին, այս մասին հաղորդում է CNews.ru պարբերականը:
Նատալյա Կասպերսկայայի գլխավորած ընկերությունը զբաղվում է չարանենգ կորզումից տեղեկությունների պաշտպանությամբ: Կազմակերպությունը պաշտպանում է պատվիրատուների տեղեկությունները արտահոսքից, զբաղվում է ռիսկերի կառավարմամբ և խորհրդատվությամբ:
«Apple-ի բջջային սարքավորումները, ինչպես նաև ներկառուցված ծրագրային պլատֆորմներով մրցակից ծրագրային ապահովմամբ սմարթֆոններն ու պլանշետները հավաքում և վերլուծում են օգտատիրոջ մասին տեղեկությունները, նրա տեղաշարժերը, հնարավորության դեպքում տեսա-լուսանկարահանում են իրականացնում, և այդ տվյալները փոխանցում են արտադրող ընկերությանը: Ըստ էության դրանք տրոյական ծրագրեր են, քանի որ դրանց առկայությունը որևէ տեղ չի հայտարարագրված: Չկա որևէ սեղմակ, կամ պատկերակ, կամ մեկ այլ բան, որը ցույց կտար դրա լինելու մասին», - ասել է Infowatch ընկերության ղեկավարը՝ հղում անելով կատարված հետազոտություններին:
Infowatch-ի ղեկավարը համոզված է, որ նման «ծառայության» առկայությամբ շահագրգռված է ոչ միայն Apple ընկերությունը:
«Պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ Apple-ի դեմ մոտ 20 դատական հայց է ներկայացվել ԱՄՆ բնակիչներից և 27000 հարավկորեացիներից կոլեկտիվ հայց, որոնցում մեղադրանք է հնչեցվում օգտատերերին անօրինական հետևելու համար: Սակայն որևէ դատական որոշման մասին չենք լսել: Բոլոր գործերը կարճվել են: Նշանակում է այդ ամենը ավելի բարձր ատյաններին է պետք», ասում է նա:










