Հայաստանում մահացությունների կառուցվածքում 50 և ավելի տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին. սրտաբան
Հայաստանում մահացությունների կառուցվածքում 50 և ավելի տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդություններին: Այսօր սրտի համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր սրտաբան, Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվելյանը:
Այս օրը «Սրտի համաշխարհային կոմիտեի» կողմից նշվում է 2000 թվականից սկսված: Ներկայում ողջ աշխարհում սրտանոթային հիվանդություններից մահանում է 17 միլիոն մարդ:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների`2030 թվականին ամեն տարի նշված հիվանդությունից կմահանա 23 միլիոն մարդ:
«Սա Ավստրալիայի նման մի պետության բնակչության չափ է»,- նշեց սրտաբանը:
Սրտաբանների գնահատմամբ` սրտանոթային հիվանդությունների 80 տոկոսը կարելի է կանխարգելել ռիսկերի նվազեցման հաշվին. ավելցուկային քաշ, ծխախոտ, անառողջ սնունդ:
Սրտաբանը այնքան էլ լավ կարծիքի չէ այսօր համացանցը հեղեղած տարբեր բժիշկների մեդոթների հիման վրա զանազան սովաբուժությունների մասին։ «Զրկանքաբուժությունները չեն կարող նորմալ համարվել նորմալ ֆիզիոլոգիական պրոցես: Չափավորությունն ու զսպվածությունն է սրտանոթային հիվանդությունների լավագույն սպեղանին: Ամենապիտանի ու օգտակար սնունդը կարող է վնասակար լինել, եթե այն չափավոր չի օգտագործվում»,- ասաց Պարունակ Զելվելյանը:
Երևան քաղաքի գլխավոր սրտաբանը նշեց նաև, որ սոցիալական ապահովության փաթեթի ներդրումը էական նշանակություն է ունեցել սրտանոթային հիվանդությունների` վիրահատական ճանապարհով լուծման հարցում: Արդեն ամռան ընթացքում բժիշկը նկատել է դիմելիության աճ:
Սրտաբանը շատ կարևոր է համարում առողջ ապրելակերպի սոցիալական քարոզը և նշում է, որ ամեն ինչ քարոզում են, բացի առողջ ապրելակերպից:










