Երեք տարի հետո ռուսական բանակում զրահատեխնիկայի նոր տեսակներ կհայտնվեն
Երեք միասնականացված հարթակներով զրահատեխնիկայի նոր տարբերակներ կհայտնվեն ռուսական բանակում 2015թ., հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը` հղում կատարելով ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարին:
«Ստեղծվում է ծրագիր ծանր, միջին և թեթև բրիգադների կազմավորման համար, որոնք համալրված կլինեն միասնական` «Արմատա» , «Կուրգանեց-25» և «Տայֆուն» հենահարթակներով», - այսօր ասել է գեներալ – գնդապետ Վլադիմիր Չիրկինը:
«Արմատան» ծանր թրթուրավոր հիմքով հենահարթակ է, որի վրա կարելի է տեղադրել ցանկացած մարտական և կրակային մոդուլ, այն վերածելով տանկի, ինքնագնաց հրետանային կամ զենիթային համալիրի, նշել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը:
Բացի այդ, Չիրկինի խոսքով, 2-3 տարի հետո Ռուսաստանը կունենա պարկուճային զրահապատման նմուշներ, որոնք զգալիորեն կբարձրացնեն տարբեր տիպի զրահամեքենաների պաշտպանության մակարդակը:
«Անձնակազմը առանձին կապսուլայում կլինի, որը զսպանակներով և մեղմիչներով համալրված կլինի: Դա անվտանգության երկրորդ մակարդակը կլինի», - ասել է նա:
Այդտեղից անձնակազմը կկարողանա հեռակառավարել բոլոր զինատեսակները, առանց դրանց անմիջական հպման:










