Apple-ը գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշների ցանկը
Apple կորպորացիան գլխավորել է Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենաազդեցիկ ապրանքանիշների վարկանիշը, «խնձորի» արժեքը երկու տարվա ընթացքում աճել է ավելի քան 50%-ով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը` հղում կատարելով Forbes-ի կայքին:
«Apple ապրանքանիշի գինը երկու տարվա մեջ աճել է 52%-ով և այժմ 87,1 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Իր վարկանիշային աղյուսակի կազմման համար Forbes-ը գնահատել է ընկերությունների եկամուտները վերջին 3 տարիների ընթացքում և շահույթի այն մասը, որը հիմնված է այն դերի վրա, որը այս կամ այն ապրանքանիշը գրավում է իր ոլորտում:
Forbes-ի վարկածով, Apple-ը առաջատար է նորարարությունների ոլորտում, և մեկ տարվա ընթացքում ապրանքանիշը ընկերությանը օգնել է 40 մլրդ ԱՄՆ դոլար վաստակել:
Երկրորդ տեղում Microsoft ընկերությունն է` 54,7 մլրդ ԱՄՆ դոլարով, որը գլխավորել է սպառողական նախընտրությունների վարկանիշը, երրորդ տեղում Coca-Cola-ն է, որի ապրանքանիշի արժեքը գնահատվում է 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Coca-Cola-ից հետո IBM-ն է` 48,5 մլրդ ԱՄՆ դոլարով, ապա Google-ը 37,6 մլրդ ԱՄՆ դոլարով և Intel-ը 32,3 մլրդ ԱՄՆ դոլարով:
Վարկանիշի առաջին տասնյակում տեղ են գտել նաև McDonalds-ը և BMW-ն:
Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը` Facebook-ը, վարկանիշում միայն 73-րդ տեղն է զբաղեցրել, նշում է Forbes-ը:










