ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների մեկ քառորդի հիմնադիրները ներգաղթյալներ են. հետազոտություն

13:00 • 03.10.12

Հեղինակավոր Kauffman Foundation հիմնադրամի աջակցությամբ անցկացված ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ ԱՄՆ-ի ինժեներական և տեխնոլոգիական ընկերությունների մեկ քառորդը հիմնել են ներգաղթյալները, գրում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով Reuters-ին։

 

«Ամերիկայի նոր ներգաղթյալ գործարարները. առաջ և հիմա» վերնագրով զեկույցում ասվում է, որ ինժեներական և տեխնոլոգիական ընկերություների 24.3%-ի հիմնադրման հարցում առանցքային ու որոշիչ դեր է ունեցել առնվազն 1 ներգաղթյալ։ Նրանց շարքում գերակշռում են հատկապես հնդիկները, որոնց 33%-ը ներգրավված է եղել նմանատիպ ընկերությունների հիմնադրման գործում։

 

«Բարձր որակավորում ունեցող ներգաղթյալները կշարունակեն իրենցից «անգնահատելի արժեք» ներկայացնել համաշխարհային տնտեսության մեջ Միացյալ Նահանգների մրցունակությունն ապահովելու հարցում»,- եզրակացնում են զեկույցի հեղինակները։

 

Զեկույցում նաև նշվում է, որ երկրով մեկ ինժեներական և տեխնոլոգիական ընկերությունների թիվը կսկսի սնկերի պես աճել, եթե լուծվի նաև ներգաղթյալ գործարարների այցագրի հարցը։ Սակայն շատերը դեմ են այս առաջարկին, քանի որ, նրանց պնդմամբ, ներգաղթյալ մասնագետներն ավելի քիչ աշխատավարձի դիմաց զբաղեցնում են բարձր վարձատրվող ամերիկացիների աշխատատեղերը։
 

ԱՄՆ տեխնոլոգիական ընկերությունների մեկ քառորդի հիմնադիրները ներգաղթյալներ են. հետազոտություն