Ցանցահենների գրոհը խափանել է Իրանի համացանցի աշխատանքը
Հաքերները գրոհել են իրանական ընկերությունները, որոնք զբաղվում են ենթակառուցվածքների և հաղորդակցության զարգացմամբ, որի հետևանքով խափանումներ են գրանցվել Իրանի ողջ տարածքի համացանցի աշխատանքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իրանական ILNA գործակալությանը:
«Նախօրեին զանգվածային գրոհ էր իրականացվել իրանական ենթակառուցվածքների և հաղորդակցության զարգացմամբ զբաղվող ընկերությունների սերվերների վրա: Այդ պատճառով մենք ստիպված սահմանափակել էինք համացանցի մատչելիությունը», - հայտարարել է կիբերտարածքի Գերագույն խորհրդի քարտուղար Մեհդի Աղվան Բեհաբադին:
«Այժմ Իրանը մշտական կիբերգրոհների է ենթարկվում: Նախօրեին հերթական գրոհը իրականացվում էր մի քանի գիգաբայտ թրաֆիկի կիրառմամբ և ուղղված էր սերվերների դեմ, որոնք ինտերնետի մուտք են ապահովում: Գրոհի հետևանքով համացանցի աշխատանքը դանդաղեց», - ավելացրել է իրանցի պաշտոնյան:










