Ձայնային արվեստ. գերմանացին գունագեղ պատկերներ է ստանում ձայնային ալիքներից (լուսանկարներ, տեսանյութ)
Երբևէ մտածե՞լ եք, թե օդանավի կամ մեքենայի շարժիչի ձայնն ինչ տեսք ունի։ Հնարավոր է՝ ոմանց այս հարցն անհեթեթ թվա, սակայն ոչ գերմանացի Ռայներ Տոտենհահնի համար, ով ուշագրավ ձայնատեսողական պատկերներ է ստանում ձայնային ալիքներից, գրում է «Օդիթի Սենթրալ»-ը։
47-ամյա գերմանացին ունակ է գունագեղ տեսապատկերի վերածել ցանկացած հնչյուն։
«Ի տարբերություն աչքերի, ականջները երբեք չեն ստում։ Ինձ համար միշտ էլ հետաքրքիր է եղել պարզել, թե իրականում ի՞նչ տեսք ունեն հնչյունները։ Արդյունքում ես հասկացա, որ կարող եմ բացահայտել հնչյունի կամ ձայնի գաղտնիքը՝ դրանք լուսային ալիքների վերածելով»,-ասել է Ռայները հեղինակավոր Deutsche Welle-ի հետ զրույցում։
Ուշագրավ պատկերները ստանալու համար գերմանացին ձայնագրում է հնչյունները գերզգայուն բարձրախոսի միջոցով, ինչն իրականում շատ բարդ գործընթաց է։
Պատկերների ճշգրտությունն ապահովելու համար Ռայներն այնքան է սպասում, մինչև որ հնչյունները հասնում են անհրաժեշտ մակարդակի։ Դրանից հետո համակարգչային ծրագրի օգնությամբ հնչյունը վերածվում է պատկերի։
Ինչպես և մատնահետքը, յուրաքանչյուր հնչյուն ունի բացառիկ պատկեր՝ կախված երկարությունից ու ռիթմից։ Գերմանացու խոսքով՝ համեմատաբար ցածր հնչյուններն ունեն կապույտ, իսկ ավելի բարձրերը՝ կարմրավուն երանգ։










