Google-ը կճանաչի մեր դեմքերը՝ ուկրաինական ծառայության միջոցով
Google ընկերությունը ձեռք է բերել դիմաճանաչման տեխնոլոգիաների Viewdle ուկրաինական ընկերությունը: Այս մասին ասեկոսեները հաստատվել են այսօր՝ այն բանից հետո, երբ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Google-ին պատկանող Motorola Mobility-ն: Այս մասին հայտնում է Vesti Finance-ը:
Գործարքի մանրամասները չեն հաղորդվում, սակայն որոշ գնահատականներով՝ խոսքը 30-45 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ գործարքի մասին է:
Պարզվել է, սակայն, որ գործարքի շուրջ բանակցությունները սկսվել են ավելի քան 1 տարի առաջ:
Viewdle-ն ուկրաինական ընկերություն է, որը մշակել է այնպիսի ծառայություն, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ճանաչել լուսանկարների դեմքերը և համապատասխան պիտակավորում (թեգ) ավելացնել: Այս ծառայությունը իդեալական համապատասխանում է սոցիալական ցանցերին:
Աղբյուրը նշում է, որ դիմաճանաչման մրցավազքը սկսել էր Facebook-ը, որն այս տարի գնել էր Face.com պորտալը. այդպիսով նրա տրամադրության տակ էր անցել Photo Tagger-ը, որի գործառույթները նման են ուկրաինական Viewdle-ին:










