Երեխան բացառիկ մամոնտ է հայտնաբերել Ռուսաստանում
Ռուսաստանի Թայմիր թերակղզում 11-ամյա Եվգենի Սալինդերը մոտ 30 000 տարի առաջ սատկած մամոնտի դի է հայտնաբերել, հայտնում է Вести-ն՝ դա անվանելով «դարի գտածո»:
Տղան իր գտածոյի մասին հայտնել է ծնողներին, նրանք՝ բևեռախույզներին, իսկ այսօր արդեն տարածքում պեղումներ են անում գիտնականները:
Գտածոն բացառիկ է, քանի որ ոչ թե զուտ մամոնտի կմախք է, այլ ամբողջ մարմին, որը կշռում է կես տոննա: Այս դեպքում պահպանված են կաշին, միսը, յուղը և նույնիսկ որոշ օրգաններ: Վերջին անգամ նման բան հայտնաբերվել էր 1901թ.-ին:
Այս գտածոն թույլ է տվել հաստատել գիտնականների որոշ հիպոթեզներ: Օրինակ՝ պարզ է դարձել, որ մամոնտի կուզը յուղային գոյացություն է, ինչպիսին ուղտերինն է, այլ ոչ թե կմախքի մաս, ինչպես ենթադրվում էր նախկինում:
Ի պատիվ բացառիկ մամոնտին հայտնաբերած Եվգենիի՝ գիտնականները գտածոն Ժենյա են անվանել:










