Որ մասնագիտությունների տեր մարդիկ ինչ նպատակով են օգտագործում ինտերնետը. հետազոտություն
HeadHunter հետազոտական ընկերության մասնագետներն ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներն ավելի շատ որ սոցիալական կայքերով են հետաքրքրված: Հարցումն անցկացվել է սեպտեմբեր-հոկտեմբերին, 5 600 անձանց շրջանում:
Ըստ այդմ՝ պարզվել է, որ սոցկայքերի ամենաակտիվ օգտատերերը մարկետոլոգներն են (79%), լրագրողները (76%) և մատակարարները (70%): Այս մասնագիտության տեր անձինք բոլորից հաճախ են գրանցվում սոցկայքերում՝ միանգամից մի քանի: Մյուս կողմից, հայտնի է դարձել, որ ոչ մի սոցիալական կայքում գրանցված չեն թոփ-մենեջերների 15, ավտոբիզնեսի աշխատակիցների 13 և իրավաբանների 12 տոկոսը:
Facebook-ը մյուսներից առավել գերադասում են մարկետինգի և գովազդի ոլորտի աշխատակիցները (71%), լրագրողները (67%), հյուրանոցային, ռեստորանային ու զբոսաշրջային բիզնեսների ներկայացուցիչները (52%):
Twitter ծառայությունում ամենից հաճախ գրանցվում են լրագրողները (35%), մարկետոլոգները (33%) և IT մասնագետները (27%):
Одноклассники-ում էլ ամենից լավ ներկայացված են HR (human resources) մասնագետները (57%), հաշվապահները (56%) և մատակարարները (56%):
Ժամանցային նպատակներով սոցկայքերից օգտվում են զբոսաշրջության, հյուրանոցային ու ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները (50%), մարկետոլոգները (46%) և ուսանողները (44%):
Տեղեկատվություն քաղելու նպատակով սոցկայքերն ամենից հաճախ օգտագործում են լրագրողները (64%), մարկետոլոգները (62%), բժիշկներն ու դեղագործները (58%):










