Ստեղծվել է եվրոգոտու երկրների օգնության պահուստային նոր հիմնադրամ
Եվրոպական միության երկրների ֆինանսների նախարարները այսօր հավաքվել են նոր պահուստային հիմնադրամի կազմավորման արարողությանը:
Հիմնադրամը նախատեսված է վարկային ճգնաժամ ապրող եվրոգոտու այն երկրների համար, որոնց բանկերն ու կառավարություններն անհապաղ աջակցության կարիք ունեն, հաղորդում է BBC-ն:
Նոր հիմնադրամը, որը 500 մլրդ եվրո ծավալ ունի, ստացել է «Եվրոպական կայունացման մեխանիզմ» անվանումը: Գերմանիան հիմնադրամում 27% կապիտալ ունի:
Հիմնադրամի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ նոր հիմնադրամի ստեղծումը եվրոպական արժութային միության ապագայում պատմական դեր կխաղա:
«Եվրոպական կայունացման մեխանիզմը» պետք է փոխարինի ավելի վաղ ստեղծված եվրոպական ֆինանսական կայունության հիմնադրամին, որը Հունաստանին, Իռլանդիային և Պորտուգալիային մոտ 200 մլրդ եվրո գումարի վարկեր է տրամադրել:










