Աթենքում բողոքի ցույցեր են անցկացվում Մերկելի այցի դեմ (ֆոտո)
Աթենքում շուրջ 30 հազար մարդ է մասնակցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի դեմ բողոքի երկու ցույցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հունական հեռուստաընկերություններին։
Զանգվածային ցույցեր են ընթանում Օմոնիա և Սինտագմա հրապարակներում, որոնցից վերջինը գտնվում է խորհրդարանի շենքի դիմաց։ Իսկ ոչ հեռու՝ Հունաստանի վարչապետի նստավայրում, Գերմանիայի կանցլերը բանակցություններ է վարում վարչապետ Անտոնիս Սամարասի հետ։
Իրավիճակը ցույցերում դեռևս հանգիստ է։ Որպես նախազգուշական միջոց՝ ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ցուցարարի։ Հունաստանի խորհրդարանի շենքը, վարչապետի նստավայրը, ինչպես նաև մոտակա փողոցները շրջափակված են հատուկ երկաթյա դարպասներով։ Ավելի վաղ բուժհաստատություններից մեկի աշխատակիցները ջրով լի շշեր էին նետել Մերկելի շարասյան ուղղությամբ։
Ինչպես և սպասվում է՝ Մերկելն իր աջակցությունը կհայտնի հունական կառավարությանը, որը Եվրամիությունից և Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ ստանալու դիմաց պետք է ծախսերի կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնի։











