Ադրբեջանում 22 քաղաքացի է դատապարտվել «իրանական լրտես» լինելու համար
Ադրբեջանում հերթական դատավճիռն է կայացվել մի խումբ քաղաքացիների հանդեպ, որոնք մեղադրվում են իրանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ, հաղորդում է lenta.ru-ն` հղում կատարելով Кавказский узел պարբերականին:
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել պետական դավաճանության և զենքի անօրինական պահման մեջ, որի համար նրանք 3-13 տարի ազատազրկման են դատապարտվել:
Տվյալ գործով անցնում էր 22 մարդ` բոլորը Ադրբեջանի քաղաքացի:
Նրանցից կեսը ադրբեջանական Նարդարան գյուղի բնակիչներ են, որը Բաքվից մի քանի կմ հեռավորության վրա է և հայտնի է իր ուժեղ կրոնական ավանդույթներով:
Պարբերականի տվյալներով, մեղադրյալները ձերբակալվել են 2012թ. սկզբին: Նրանց ձերբակալման մասին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են մարտի կեսին:
Իշխանությունները պնդում են, որ նշյալ քաղաքացիները կապի մեջ են մտել իրանական ՍԵՓԱԽ հատուկ ծառայության հետ և ահաբեկչական գործողություններ են պլանավորել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև BP ընկերության և American Fast Food ռեստորանի դեմ:
Քննչական մարմինները պնդում են, որ ձերբակալվածների մոտից առգրավվել են զենքեր և պայթուցիկ միջոցներ:
Դատական պրոցեսը փակ ռեժիմով էր անցնում: Դատապարտվածներից մեկի ազգականը պատմել է, որ նրանցից ոչ ոք չի ընդունել իր մեղքը և մեղադրյալները ցանկանում են բողոքարկել դատավճիռը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Ադրբեջանում ևս երեք քաղաքացի էր դատապարտվել, իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության և ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով: Նրանք 8-14 տարի ազատազրկման էին դատապարտվել:
Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ լարվել են: Բաքուն, մասնավորապես, Թեհրանին մեղադրում է լրտեսական գործունեության և Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Իրանը, իր հերթին, Ադրբեջանին մեղադրում է իսլամատյացության և Իրանի դեմ ուղղված իսրայելական հետախուզության հետ համագործակցության համար:










