Բան Կի Մունը Սիրիայի կառավարությանը կոչ է արել միակողմանի դադարեցնել կրակը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Սիրիայի իշխանություններին կոչ է արել հայտարարել կրակի միակողմանի դադարեցման մասին, տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը։
«Ես դիմում եմ Սիրիայի կառավարությանը կրակի միակողմանի դադարեցման կոչով։ Ընդդիմադիր ուժերից պահանջում եմ դադարեցնել կրակը, երբ սիրիական իշխանությունը կհայտարարի այդ մասին»,-ասել է Բան Կի Մունը՝ Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ միակողմանի կրակի դադարեցումը կարող է հանգեցնել ընդդիմության կողմից բռնությունների շարունակմանը, դրա համար էլ ինքը հարցը քննարկելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հիմնական անդամների և տարածաշրջանի երկրների հետ։
«Ես դարձյալ երկու կողմերին զենք ուղարկող երկրներից պահանջում եմ դադարեցնել զինումը, քանի որ դա դժվարացնում է սիրիացի ժողովրդի վիճակը։ Միակ լուծումն այստեղ քաղաքական երկխոսությունն է»,- հայտարարել է Բան Կի Մունը։
Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին շուտով կայցելի տարածաշրջանի մի քանի երկրներ, այդ թվում՝ Սիրիա, որտեղ մտադիր է հանդիպել նախագահ Բաշար ալ Ասադի հետ։










