Հունգարացի 4 մտավորական Հայաստանում է` ասելու, որ ամաչում է իր կառավարության փոխարեն

13:47 • 09.10.12

Հունգարիայի մտավորականության 4 ներկայացուցիչ սեփական նախաձեռնությամբ Հայաստանում է, որպեսզի իր բացասական վերաբերմունքն արտահայտի Հունգարիայում 2004թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:


«Այն, ինչ եղավ, դա բացառապես Հունգարիայի կառավարությանն է վերաբերում: Հունգար ժողովրդի մեծամասնությունը արտահանձնումից հետո միանշանակ դեմ արտահայտվեց կառավարության այդ քայլին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատմաբան, քաղաքական վերլուծաբան, Ռուսաստանի և հետխորհրդային երկրների փորձագետ Զոլտան Բիրոն:


Ըստ նրա, Սաֆարովի արտահանձնումից հետո, հասարակությունը, այդ թվում նաև ընդդիմությունը, անմիջապես դեմ արտահայտվեցին:


Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին լրացրեց, որ մեղավորությունը բացառապես Հունգարիայի վարչապետինն է, իսկ այն, որ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին սպանել է ոչ թե պատերազմական գործողությունների ժամանակ, այլ գիշերը՝ երբ վերջինս քնած է եղել, ոչ մի ձևով չէր կարող արդարացում ունենալ:


«Հունգարական դատարանը որոշում կայացնելիս, հատուկ դա ընդգծել էր և (Սաֆարովին – Tert.am) դատապարտել ցմահ ազատազրկման: Մենք միայն նրա համար ենք այստեղ, որ ցույց տանք, որ մենք ոչ միայն համամիտ չենք կառավարության այդ որոշման հետ, այլ նաև Ձեզ ողջ հունգար ժողովրդի անունից ասենք, որ խորը ափսոսանք և ամոթ ենք զգում այս ամենի համար»,- ասաց նա:


Ի դեպ, Գաբոր Իվանյին անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության հարցին և իմիջիայլոց նշեց, որ Հունգարիան պաշտոնապես դեռ չի ճանաչել դարասկզբին Թուրքիայի կողմից իրականացված այդ ոճրագործությունը:


Դասախոս, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը Սաֆարովի արտահանձնումը համարեց միմիայն քաղաքական քայլ, որը քննադատվեց Հունգարիայի հասարակության կողմից:


Տեղեկատվական տեխնոլոգիաների ինժեներ-մեխանիկ, գրող Ռուդոլֆ Ունգվարի խոսքով՝ կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից, և ինչպես հայ-հունգարական հարաբերությունները բերել է ճգնաժամային վիճակի, այնպես էլ պետք է դրանք հարթելու ճանապարհներ գտնի:


Աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին վերջում բաց առաջարկ ուներ իր երկրի կառավարությանը: Ըստ նրա, այն գումարները, որոնք Հունգարիան պետք է ծախսեր Սաֆարովին ևս 30 տարի բանտում պահելու համար, ճիշտ կլինի հատկացնի Հունգարիայում գործող հայկական եկեղեցուն, որը 17-րդ դարի կառույց լինելով՝ կորցրել է իր պատմական կարգավիճակը։

Մտավորսականները տեղեկացրին, որ վաղը նրանք կայցելեն նաև Գուրգեն Մարգարյանի շիրիմին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ սպային, ինչպես նաև նախատեսել են Հայոց ցեղասպանության թանգարանի ծառուղում ծառ տնկել: