Վրաստանի արդարադատության նախարարը լքել է երկիրը և Ավստրալիայում է գտնվում
Վրաստանի արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին լքել է երկիրը և գտնվում է Ավստրիայում, այս մասին այսօր հայտնել է «Վրացական երազանքից» արդարադատության նախարարի պաշտոնի թեկնածու Թեա Ցուլուկիանին, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
«Ադեաշվիլին լքել է նախարարությունը, գործերը և այնտեղ աշխատող մարդկանց, այն կառույցը, որը Վրաստանի իրավական դաշտում որոշիչ դերակատարում ունի», - նշել է Ցուլուկիանին:
Նա հայտարարել է, որ արտասահման փախած նախարարի պահվածքը իրեն, մեղմ ասած, զարմացրել է, քանի որ «նման քայլի կարող է դիմել միայն անպատասխանատու անձը»:
Գործող կառավարության ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել Ադեիշվիլիի երկրից հեռանալու փաստը:
Վերջին տարիներին վրացական քաղաքական և հասարակական գործիչները կտրուկ քննադատում էին արդարադատության նախարարին, ով այդ պաշտոնը զբաղեցրել է 2008թ. նոյեմբերին:
Նրան անվանում էին Վրաստանում «վարդերի հեղափոխությունից» հետո կատարվող «անօրինականությունների հիմնական ճարտարապետներից մեկը»։










