Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում. ՌԴ դեսպան
Ոչ ոք հայերին բռնությամբ չի ուղարկում Ռուսաստան, նրանք իրենք են գնում։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն՝ պատասխանելով հարցին, թե ինչու եղբայրական երկիր Ռուսաստանը չի գնում Հայաստանին ընդառաջ և փակում «Հայրենակիցներ» պետական ծրագիրը, որը, շատերի կարծիքով, նպաստում է Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստան արտագաղթին։
«Արդյոք ինչ-որ մեկը հայերին Ռուսաստա՞ն է քաշում։ Ադյոք ինչ -որ մեկը բռնությա՞մբ է տանում այնտեղ։ Դուք կարծում եք՝ եթե փակեք ներկայացուցչությունը, մարդիկ չե՞ն գնա։ Արդյոք խնդիրը ներկայացուցչությա՞ն մեջ է»,-հարցրեց դեսպանը՝ նշելով, որ խնդիրը ոչ թե Միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն է, այլ ինչ-որ այլ բան։
«Ինչո՞ւ են մարդիկ գնում Հայաստանից։ Գնում են, քանի որ նրանք ինչ-որ օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա, անշուշտ, կապ չունի Դաշնային միգրացիոն ծառայության հետ»,- նշել է նա։
Դիվանագետի խոսքով՝ ՌԴ միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն աշխատում է, որպեսզի սահմանափակի անօրինական միգրացիան, որպեսզի այն մարդիկ, ովքեր գնում են Ռուսաստան աշխատելու, լինեն պաշտպանված, ունենան քիչ թե շատ նորմալ կյանքի պայմաններ և լավ աշխատավարձ։
«Հայերին ոչ ոք բռնությամբ Ռուսաստան չի տանում, նրանք իրենք են գնում։ Եթե փակենք ներկայացուցչությունը, միգրացիան չի դադարի։ Այստեղ այլ պատճառներ կան»,- ընդգծեց Հայաստանում ՌԴ դեսպանը։
Շարունակելով՝ Վյաչեսլավ Կովալենկոն հարցրեց. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի հարցնում, թե ինչպես է աշխատում ԱՄՆ դեսպանատունը։ Ես կարող եմ ասել, որ գրին քարտի միջոցով Հայաստանից ավելի շատ մարդ է գնացել, քան Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության։ Գրին քարտով 2007թ.-ից մինչ օրս գնացել է ավելի քան 5 000 մարդ՝ ընտանիքներով, իսկ Միգրացիոն ծառայության միջոցով՝ 5 000 մարդ՝ ընտանիքներով։ Ընդամենը 5 000 մարդ, իսկ ինչո՞ւ է այս աղմուկը, ինչո՞ւ է այս խոսակցությունը, ի՞նչ կապ ունի այստեղ ներկայացուցչությունը»։
Վյաչեսլավ Կովալենկոն ընդգծեց, որ այդ հարցով անհրաժեշտ է ուշադրություն դարձնել վիճակագրությանը, թվերին, այդ դեպքում հարցը պարզ կլինի։
Լուսանկարը՝ Panarmenian Photo-ի










