Լեդի Գագան տեսակցել է Ասանժին Էկվադորի դեսպանատանը
Ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագան այցելել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն՝ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին տեսակցելու, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով The Times-ին։
Երգչուհու և Ասանժի հանդիպումը տևել է մոտավորապես 5 ժամ։ Հայտնի է, որ նրանք միասին ընթրել են և լուսանկարվել։
Լեդի Գագային և WikiLeaks-ին միավորում է ԱՄՆ բանակի շարքային Բրեդլի Մենինգի պատմությունը։ Աշխատելով Իրաքում ամերիկյան «Համմեր» բազայում՝ ռազմական վերլուծաբան Մենինգը Գագայի երգերի ձայնասկավառակի վրա ձայնագրել է գաղտնի փաստաթղթերի արխիվը, որոնց թվում էր նաև ուղղաթիռից արված Reuters գործակալության լրագրողների գնդակահարության տեսանյութը (ամերիկացի զինվորականները շփոթել էին նրանց գրոհայինների հետ)։
Այնուհետև Մենինգը փաստաթղթերը փոխանցել էր WikiLeaks-ին, ինչն Ասանժին բերել էր համաշխարհային ճանաչում։










