«Նուբարաշեն» ՔԿՀ–ի դռները փակ են լրագրողների համար. իրավապաշտպաններ

17:32 • 09.10.12

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) 5-րդ հարկը, որտեղ պահվում են Հայաստանի ցմահ ազատազրկման դատապարտվածները, փակ է լրագրողների առաջ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մեժլումյանը և «Ֆեմիդա» հասարակական կազմակերպության նախագահ Ջուլիետա Ամիրխանյանը:


Նախորդ տարի Զարուհի Մեժլումյանը ՔԿՀ-ի ղեկավարությունից առաջին վեց ամիսներին հինգ մերժում է ստացել, իսկ այս տարի արդեն երրորդ ամիսն է, որ ՔԿՀ-ի հիմնարկությունը չի պատասխանում լրագրողի դիմումին:


Նրա խոսքով՝ որպես մերժման պատճառ մշտապես նշվել են՝«անվտանգության նկատառումներից ելնելու» կամ «ոչ բավարար աշխատակազմ ունենալու» անհասկանալի պատճառները:


Ցմահ դատապարտվածների հիմնախնդիրներին նվիրված նոյեմբերին կայանալիք միջազգային ֆորումին ընդառաջ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը պատրաստվում են մեկ ժամանոց ֆիլմ նկարահանել ՀՀ քաղաքացի ցմահ բանտարկյալների մասին, սակայն ՔԿՀ-ն էլի անհասկանալի վարք է դրսևորում՝ հուլիսից մինչ օրս չպատասխանելով: Բացի դրանից՝ մեկ անգամ էլ ՔԿՀ–ից պահանջել էին նշել, թե կոնկրետ ում հետ են պատրաստվում հարցազրույցներ անցկացնել:


«Մենք նշեցինք, մեզ համար շատ կարևոր էր, որ հարցազրույց անեինք մինչև 21 տարեկան դատապարտված անձանց, առաջին դատվածությամբ և մեկ անձի սպանության մեղադրանքով, նայեցինք, ովքեր են նման կրիտերիաների մեջ մտնում և մի քանի անուններ նշեցինք …»,-մանրամասնեց Զարուհի Մեժլումյանը:


Ի պատասխան հարցի, թե կասկածու՞մ են, որ մերժումը պայմանավորված է որևէ ցմահ դատապարտվածի հետ, իրավապաշտպանը բացասական պատասխան տվեց: