Մախաչկալայի ծայրամասերում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչություն չեն եղել. ՆԳՆ
Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի ծայրամասերում ուժայինները մի շարք միջոցառումներ են անցկացնում քաղաքի մոտակայքում գտնվող անտառային տարածքներում զինված խմբավորման մասնակիցներին չեզոքացնելու և նրանց կայանատեղին բացահայտելու ուղղությամբ, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
«Ոչ մի կրկնակի ահաբեկչություն և իրավապահ մարմինների աշխատակիցների կամ բնակիչների դեմ հարձակումներ տեղի չեն ունեցել»,- վստահեցրել են Դաղստանի ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնից՝ մեկնաբանելով առավոտյան որոտացած 2 հզոր պայթյունները։
Ըստ Դաղստանի իրավապահ կառույցների աղբյուրի տվյալների՝ պայթյունները եղել են բանակային ավիացիայի հարվածներն Ագաչաուլ գյուղի ծայրամասերում բանդայի մասնակիցների գտնվելու ենթադրյալ վայրի ուղղությամբ։










