Օբաման կարող է «նախընրտական» հարված հասցնել Իրանին.Foreign Policy

18:37 • 09.10.12

Իսրայելի և Միացյալ Նահանգների իշխանությունները, չնայած հրապարակային տարաձայություններին, վերջին շրջանում էապես մոտեցրել են իրենց դիրքորոշումներն Իրանում ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին գրել է Foreign Policy ամսագրի հոդվածագիր Դևիդ Ռոթքոպֆը։


Համաձայն նրա Վաշինգտոնի և Երուսաղեմի աղբյուրների՝ երկրները քննարկում են Իրանի միջուկային օբյեկտներին համատեղ «վիրահատական» հարված հասցնելու հարցը։
 

Նման գործողությունը տևելու է մի քանի ժամ՝ առավելագույնը երկու օր։
 

Դրանում ներգրավված են լինելու անօդաչու թռչող սարքերն ու ռազմավարական ռմբակոծիչները, որոնք կարող են հարձակվել թիրախների վրա՝ առանց հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցների գոտում հայտնվելու։
 

Ամերիկացիներին հաջողվել է համոզել դաշնակիցներին, որ գործողությունը լինելու է շատ ավելի փոքր մասշտաբի, քան այժմ քննարկվում է լրատվամիջոցներով։
 

Ըստ հոդվածագրի՝ նման գործողությունն առաջիկա ընտրություններում կօգնի նախագահի թեկնածու Բարաք Օբամային, ով նախընտրական ընտրապայքարում միավորներ է կորցնում։
 

Foreign Policy-ի համաձայն՝  նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իր արտաքին քաղաքականությունը կառուցում է Օբամային Իրանի հարցում «բավականաչափ կոշտ» չլինելու մեջ մեղադրելու շուրջ։ Իրանի ռմբակոծության դեպքում, ըստ աղբյուրի,  Միթ Ռոմնին ստիպված կլինի աջակցել Օբամայի գործողություններին։