Նավթի համաշխարհային գների աճ է արձանագրվել Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության աճի ֆոնին

22:22 • 09.10.12

Լոնդոնյան Միջմայրցամաքային ֆյուչերսային գործարքների բորսայում նստաշրջանի ավարտին Բրենթ տեսակի նավթի  գինը աճել է 1,61 ԱՄՆ դոլարով: Օրվա ավարտին գինը կազմել է 113,43 ԱՄՆ դոլար 1 բարելի դիմաց, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:

 

Գնաճ է գրանցվել նաև Նյու-յորքյան ապրանքային բորսայում, որտեղ նստաշրջանը դեռ շարունակվում է: WTI տեսակի նավթի գինը նստաշրջանի միջանցիկ փուլում կազմել է 91,27 ԱՄՆ դոլար` բարձրացել է 1,52 դոլարով:
Նավթի գները աճել են՝ չնայած եվրոյի փոխարժեքի դոլարի նկատմամբ նվազելուն, ինչը սովորաբար հակառակ ազդեցությունն է ունենում:


Նավթի գների աճման վրա ազդեցություն է գործել Թուրքիայի խորհրդարանի որոշումը, որով թույլատրվում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել, ինչը, վերլուծաբանների կարծիքով, բարձրացնում է պատերազմի հավանականությունը:


Սիրիայի հարևան երկրների պատերազմական գործողություններում ներքաշվելու վտանգը նավթի շուկայի մասնակիցներին մտավախություններ է հաղորդում, քանի որ դա կարող է վտանգել Մերձավոր Արևելքից հումքի կանոնավոր մատակարարումը:


Ռիսկի հավելյալ գործոն է հանդիսանում Իրանին հնարավոր ռազմական հարվածը, որը ավելի է խորանում այն հաղորդումների ֆոնին, թե ԱՄՆ և Իսրայելի դիրքորոշումները այդ հարցում մոտենում են, ինչը բարձրացնում է գրոհի հավանականությունը:

Իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է դարձնում Իրանի կողմից ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի փակումը, որով արտահանվում է տարածաշրջանի նավթի մեծ մասը: