Apple-I համակարգիչը Christie's -ի աճուրդում գնորդ չգտավ
Պահպանված Apple-I համակարգիչներից մեկը, որը վաճառքի էր հանվել Christie's -ի աճուրդում, չպահանջված է մնացել աճուրդի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն` հղում կատարելով բրիտանական Press Association կայքին:
Christie's-ի ներկայացուցիչները նախատեսում էին այդ լոտը նվազագունը 80 հազար ԱՄՆ դոլարով վաճառել, սակայն աճուրդի մասնակիցների առավելագույն առաջարկը կազմել է 51.3 հազար դոլար:
Հնարավոր է, որ նման ցածր հետաքրքրությունը այսօր վաճառքի հանված Apple-1-ի հանդեպ պայմանավորված է նրանով, որ այդ նմուշը աշխատող չէ: Համակարգչից բացակայում են մի քանի կարևոր դետալներ:
Ներկայացվածը ոչ թե համակարգիչ է այսօրվա ընկալմամբ, այլ, իրականում, մայր պլատա` փայտե կորպուսով:
Apple-I առաջին համակարգիչները ձեռքով հավաքել են Apple-ի համահիմնադիրներ Սթիվ Վոզնյակը և Սթիվ Ջոբսը: 1976թ. հուլիսին Apple-I համակարգիչները վաճառքի հանվեցին մոգական` 666,66 դոլար արժեքով: Ընդհանուր թվով շուրջ 200 նմանատիպ համակարգիչ էր արտադրվել: Աճուրդի տան ներկայացմամբ` այսօր այս կամ այն տեսքով շուրջ 50 Apple-I համակարգիչներ են պահպանվել, սակայն միայն վեցն են լրիվ աշխատող վիճակում:
Հիշեցնենք, որ 2010թ. Christie`s աճուրդի տունն արդեն վաճառել էր Apple-I աշխատող համակարգիչ` 213 000 դոլարով, ընդ որում` այդ Apple-I սարքն ուներ որոշ ոչ բնօրինակ բաղադրիչներ, բայց վաճառվել էր Սթիվ Ջոբսի ձեռքով գրված նամակի հետ մեկտեղ:










