Օբաման կփորձի կողմնորոշել «չկողմնորոշված» նահանգներին
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրություններին մնացել է մի քանի շաբաթ, որոնց ընթացքում նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման կայցելի «չկողմնորոշված» նահանգներ՝ բնակիչների վստահությունը ձեռք բերելու նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Hill թերթին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին։
Հինգշաբթի Օբաման կանցկացնի գումարների հավաքագրմանը նվիրված իր մասնավոր վերջին միջոցառումը, ինչից հետո կկենտրոնանա այն նահանգների բնակիչների առջև ելույթների վրա, որոնցից կախված է իր ճակատագիրը։
«Չկողմնորոշված» նահանգներից են Կոլորադոն, Այովան, Ֆլորիդան, Միչիգանը, Նևադան, Նյու Հեմփշիրը, Հյուսիսային Կարոլինան, Օհայոն, Վիրջինիան ու Վիսկոնսինը, որոնց բնակիչները չգիտեն՝ քվեարկել հանրապետական, թե դեմոկրատ թեկնածուի օգտին։
Նաև Օբաման պետք է նախապատրաստվի հոկտեմբերի 16-ին և 22-ին իր հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի հետ բանավեճերին։ Նշենք, որ առաջին բանավեճի ժամանակ իր հաջող ելույթի շնորհիվ Ռոմնին նվազագույնի է հասցրել իր ու նախագահի միջև տարբերությունը։










