Հարավային Օսիան կձգտի հասնել նրան, որ Վրաստանը ճանաչի իր անկախությունը
Ցխինվալին կձգտի Վրաստանի նոր իշխանություններից հասնել Հարավային Օսիայի անկախության ճանաչման, այսօր հայտարարել է Հարավային Օսիայի ԱԳՆ ղեկավար Դավիդ Սանակոևը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«Կհամագործակցենք, կամ ոչ Վրաստանի նոր իշխանությունների հետ, կախված է նրանից, թե ինչպես նրանք կկառուցեն իրենց քաղաքականությունը: Մենք, նախ և առաջ, կձգտենք, որ Վրաստանը ճանաչի Հարավային Օսիայի հանրապետության անկախությունը», - ասել է Սանակոևը:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Ցխինվալին նպատակադրված է Թբիլիսիի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը 2008թ. օգոստոսին: ԽՍՀՄ ժամանակաշրջանում այդ երկու ինքնավարությունները մտնում էին Վրաստանի կազմի մեջ, սակայն անկախության համար պայքար էին սկսել դեռ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը:










