Nissan-ը ֆուտուրիստական աչք է ստեղծել՝ ավտովթարները կանխելու համար

23:54 • 17.10.12

Ավտոմեքենա, որը երբեք վթարի չի ենթարկվում: Սա գրեթե բոլոր ավտոարտադրողների ամենավեհ երազանքներից մեկն է, և Nissan Motor Co.-ն բացառություն չէ, գրում է Wall Street Journal-ը: 


Ընկերության
ֆուտուրիստական գաղափարներից մեկն է ստեղծել ավտոմեքենայի այնպիսի ղեկ, որը չի ցնցվի և նույնիսկ չի դողա անգամ խորդուբորդ ճանապարհով երթևեկելիս, և ավտոմեքենան մայթեզրի հանդիպելիս ինքնուրույն կմանևրի՝ նույնիսկ խուսափելով դիմացից եկող ավտոմեքենայից:


Բացի այդ, ապագայի այդ գերանվտանգ ավտոմեքենան իր շուրջը հինգ լազերային սքաներներ է ունենալու. երկուական ռադարներ տեղադրվելու են ավտոմեքենայի աջ և ձախ կողմերում, իսկ մյուս ռադարն ու տեսախցիկը՝ առջևի հատվածում: Հենց սրանց շնորհիվ է, որ ավտոմեքենան ‹‹գիտակցաբար›› խուսափելու է հնարավոր վթարներից:


Եվ այս ամենը տեղի կունենա շատ մոտ ապագայում. ակնկալվում է, որ ընդամենը հինգ տարի անց Nissan-ի՝ ավտովթարներից երաշխավորված տեխնոլոգիայով աշխատող փոխադրամիջոցները կհանվեն վաճառքի:


Ենթադրվում է, որ նման առավելություններով օժտված ավտոմեքենաները սովորականից ավելի թանկ պետք է արժենան: Nissan-ն, այդուհանդերձ, առայժմ չի հրապարակել, թե որքան կարժենան նման ղեկ և, այսպես կոչված, հակավթարային համակարգեր ունեցող ավտոմեքենաները:

 


 

 

Nissan-ը ֆուտուրիստական աչք է ստեղծել՝ ավտովթարները կանխելու համար