Գիտնականները հայտնաբերել են Երկրին ամենամոտ գտնվող էկզոմոլորակը
Չիլիի Լա Սիլյա աստղադիտարանի աշխատակիցները 3.6 մետրանոց հեռադիտակի օգնությամբ հայտնաբերել են նոր էկզոմոլորակ (արտամոլորակ), որն անվանել են Alpha Centauri Bb, հայտնում է «Վզգլյադ»-ը։
Մոլորակը գտնվում է Ալֆա Կենտավրոսի աստղային համակարգում և հանդիսանում է Արեգակնային համակարգին ամենամոտ տեղակայված արտամոլորակը. այն Արևից 4.3 լուսային տարի հեռավորության վրա է գտնվում։
Ընդհանուր առմամբ նման մոլորակների բացահայտումն արդեն վաղուց նորություն չէ, և առայսօր աստղագետները նման 830 մոլորակ են հայտնաբերել։ Սակայն ի տարբերություն դրանց, վերջինը բացառություն է և մեծ հետաքրքրություն է ներկայացնում գիտական տեսանկյունից։ Պատճառն այն է, որ Alpha Centauri Bb-ն միակ էկզոմոլորակն է, որը նման է մեր Երկիր մոլորակին։
«Սա ոչ միայն մեզ ամենամոտ գտնվող էկզոմոլորակն է, այլ նաև առաջին մոլորակը, որն իր զանգվածով նման է Երկրին։ Բացի այդ, այն պտտվում է Արևին նման աստղի շուրջ, ինչպես մեր մոլորակը»,-նշել է աստղագետ Ստեֆան Ուդրին։










