Ճապոնիայի կառավարությունը կօգնի Նոբելյան մրցանակակրին նոր լվացքի մեքենա գնել

10:25 • 17.10.12

Ճապոնիայի կառավարությունը կարող է օգնել ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիր Սինյա Յամանակային գնել նոր լվացքի մեքենա՝ անսարքի փոխարեն, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։

Նման առաջարկ իր գործընկերներին արել է Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Մակիկո Տանական, հաղորդում է ճապոնական մամուլը։ 

 

«Կարծում եմ՝ մենք կարող ենք բաժանել նոր լվացքի մեքենայի արժեքը կաբինետի անդամների միջև»,- ասել է նախարարը։ Նրա հաշվարկներով՝ անհրաժեշտ է, որպեսզի 19 նախարարներ իրենց անձնական միջոցներից հատկացնեն 5-ից 10 հազար իեն (60-120 դոլար)։

 

Տանակայի խոսքով՝ ոչ ոք չի առարկել իր առաջարկին։

 

Հոկտեմբերի 8-ին՝  Նոբելյան հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչվելու օրը, ճապոնացի գիտնականը գտնվել է տանը և փորձել է վերանորոգել անսարք լվացքի մեքենան։ Ճապոնիայի համար ուրախալի լուրից հետո Յամանական ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, իսկ նրա հետազոտությունների համար նվիրատվությունների թիվն անհամեմատ աճել է։
 

Ճապոնիայի կառավարությունը կօգնի Նոբելյան մրցանակակրին նոր լվացքի մեքենա գնել