Ժամանակն է վերակենտրոնանալու Արցախի վրա. Ադամ Շիֆ
ԱՄՆ հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը Asbarez.com-ում Արցախի մասին հոդվածով է հանդես եկել։
Հոդվածում նա հիշեցնում է, որ երբ մոտ 20 տարի առաջ փլուզվեց Խորհրդային Միությունը, տասնամյակներ շարունակ ճնշված էթնիկ և տարածաշրջանային հակամարտությունները դարձյալ ի հայտ եկան։
«Կովկասում կենտրոնացած մարտերը ձգվեցին տարիներ, իսկ որոշ հակամարտություններ չլուծվեցին կամ «սառեցվեցին», քանի որ ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները զբաղված էին Միջին Արևելքի և Հարավային Ասիայի ճգնաժամերով, ինչպես նաև իրենց տնտեսական խնդիրներով»,- գրում է նա։
Այդ բախումներից ամենաթեժն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի միջև բախումն էր՝ «բացառապես հայկական տարածք, որը Խորհրդային իշխանության օրոք անցել էր Ադրբեջանի իշխանությանը, չնայած Հայաստանի հետ դարավոր մշակութային, լեզվական և կրոնական կապերին»։
1988-ին, երբ Խորհրդային կենտրոնական իշխանությունը սկսեց թուլանալ Միխայիլ Գորբաչովի օրոք, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը վերսկսեց երկարատև պայքարն Ադրբեջանից անկախանալու համար, ինչը տևեց մոտ 6 տարի և որի ընթացքում երկու կողմից էլ հազարավոր զոհեր եղան և հազարավոր մարդիկ հեռացան իրենց տներից. հրադադարը կնքվեց 1994թ.-ի մայիսին։
«Պատերազմի ավարտից հետո տարիները հեշտ չեն. ազերի դիպուկահարների հարձակումները շփման գծում և Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների բազմաթիվ սպառնալիքները, ներառյալ՝ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու սպառնալիքը, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերաբացի Ստեփանակերտի օդանավակայանը։ Բացի այդ, Արցախի ժողովուրդն ամեն օր բախվում է շուրջ 100.000 ականների սպառնալիքին, որոնք տեղադրվել են 1990-ականների մարտերի ընթացքում և դեռևս չեն վնասազերծվել»,- գրում է Շիֆը։
Նա հիշեցնում է, որ 1992թ.-ից սկսած՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը գլխավորել են միջազգային միջնորդական ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Չնայած ջանքերին, ներառյալ՝ իրենց նպատակների մասին 2012թ.-ի մայիսին համանախագահների նոր հայտարարությանը, գործընթացն ընդհատվել է Ադրբեջանի պահանջներով և նախապայմաններով՝ հայկական կողմի վրա ճնշում բանեցնելու համար։
Հայամետ գործիչը հիշեցնում է, որ իրավիճակը երկու երկրների միջև սրվեց, երբ Ադրբեջանի բանակի սպա Ռամիլ Սաֆարովը, ով 2004թ.-ին կացնով սպանել էր հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին և խոստովանել էր հանցանքը, ազատ արձակվեց։
«Օգոստոսի 31-ին Սաֆարովն ուղարկվեց հայրենիք՝ պատժի մնացած ժամկետն այնտեղ կրելու համար։ Բանտի փոխարեն նա այնտեղ որպես հերոս ընդունվեց և վարդերի փնջով շրջեց Բաքվի փողոցներում։ Նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես ներում շնորհեց նրան՝ տալով մայորի կոչում, բնակարան և 8 տարիների աշխատավարձը։
Սաֆարովի հանդիսավոր ընդունելությունը Բաքվում ժամանակակից Ադրբեջանի հայատյացության աստիճանի ապացույցն է»,- գրում է Շիֆը։
Նա սարսափելի և անբացատրելի է համարում քնած մարդուն գրեթե գլխատած մարդուն որպես հերոս ընդունելը և նշում, որ այդ կերպ Ադրբեջանը հաստատում է բազմաթիվ հայերի մտավախությունը, թե Արցախի ազատ ժողովրդի՝ ադրբեջանական սուվերենության մեջ մտցնելը կհանգեցնի արյունահեղության։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ Ալիևն այդ կերպ փակեց Արցախի կարգավիճակի հարցում մոտ ապագայում առաջընթաց գրանցելու ցանկացած հնարավորություն։
«Ադրբեջանի սխալը պետք է գին ունենա, բայց նաև պետք է մեզ հիշեցնի Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի մասին։ Ես երկար ժամանակ աջակցել եմ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը, և հավատում եմ, որ քանի դեռ ԱՄՆ-ը և Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չեն արտացոլել Արցախի ժողովրդի կամքը, կռիվների վերսկսման հեռանկարը և դրա սարսափելի հետևանքները կարող են աճել։ Բոլորի շահերից է բխում այս հարցի կարգավորումը, և դա 2013 թ.-ի դիվանագիտական առաջնահերթություն պետք է լինի»,-գրում է կոնգրեսականը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պատերազմի տարիներն ու տնտեսական շրջափակումը խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, և ԱՄՆ իշխանությունը պետք է մեծացնի Արցախին տրամադրվող օգնության չափը։
Ադամ Շիֆն ԱՄՆ իշխանություններին առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին և դրանով ցույց տալ, որ Սաֆարովի ներումն անընդունելի էր և միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի կամ Արցախի դեմ որևէ ագրեսիա ընդունելի չէ ԱՄՆ-ի կողմից։
«Արցախի ժողովուրդը՝ ճնշող մեծամասնությամբ հայեր և քրիստոնյաներ, չպետք է հայտնվի Ալիևի ձեռքում։ Մարդասպանի վերադարձը տոնելով՝ նա և իր ժողովուրդը ցույց տվեցին իրենց իրական էությունը և համոզիչ փաստ տվեցին Արցախի անկախության ճանաչման համար»,-եզրափակում է Շիֆը։










