Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

20:12 • 26.11.26

Հայ-ադրբեջանական հասարակությունների միջև երկխոսության շարունակությունը, մտքերի փոխանակումն ու գործընթացում ներգրավված մասնակիցների թվի ավելացումն արդեն իսկ ձեռքբերում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը։

Նա ընդգծեց, որ հայկական և ադրբեջանական հասարակություններն ունեն խաղաղության վերաբերյալ տարբեր սպասելիքներ ու ընկալումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել խաղաղության օրակարգի շուրջ աշխատանքում։ Անդրադառնալով տարաձայնությունների առկայությանը՝ Մամեդովը նշեց, որ դրանք ընդգրկում են հարցերի լայն շրջանակ, սակայն կողմերը փորձում են դրանց շուրջ անկեղծ երկխոսություն վարել՝ ներկայացնելով հասարակությունների մտահոգություններն ու դրանց պատճառները։ «Մենք փորձում ենք ցույց տալ, թե ինչն է մտահոգում մեր հասարակություններին, որոնք են այդ թեմաներն ու պատճառները, և ինչի կարող ենք հասնել, եթե այդ հարցերն իրենց լուծումը գտնեն։ Այս խնդիրներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Եթե չենք կարող կարճ ժամկետներում լուծել բոլոր խնդիրները, կենտրոնանում ենք այն հարցերի վրա, որոնց ուղղությամբ կարող ենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- նշեց նա։

 Մամեդովի խոսքով՝ երկխոսության կարևոր արդյունքներից մեկն այն է, որ մասնակիցների համար փակ թեմաներ չկան, և նրանք հնարավորություն ունեն բարձրացնելու նաև զգայուն հարցեր։ «Մեր յուրաքանչյուր երկխոսություն անկեղծ զրույց է և շատ, գուցե նույնիսկ զգայուն հարցերի քննարկում։ Մենք հասել ենք նրան, որ մեզ համար փակ թեմաներ չկան։ Կարող ենք միմյանց հարցեր տալ և ստանալ դրանց պատասխանները։ Այս ձևաչափը ենթադրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների անմիջական շփումը պետության ներկայացուցիչների հետ, ինչից էլ մենք օգտվեցինք. երկու ժամվա ընթացքում հարցեր էինք տալիս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարին»,- ասաց նա։

Ադրբեջանցի փորձագետը տեղեկացրեց, որ 5-րդ հանդիպման առանձնահատկություններից է նաև վեց թեմատիկ հանձնաժողովների աշխատանքը։ Դրանք կանդրադառնան բնապահպանության, տնտեսության, ենթակառուցվածքների, հումանիտար հարցերի և մեդիայի ուղղություններին։ Հանձնաժողովներում մասնագետները կքննարկեն առաջիկա անելիքները, երկու երկրների պետական կառույցներին ներկայացվելիք առաջարկները և այն հնարավոր քայլերը, որոնք կարող են նպաստել առկա տարաձայնությունների հարթեցմանը։