«Արմավիայի» չվերթերը կրկին վերականգնված են
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը ժամը 16։30-ի մոտ վերականգնել է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը, որը համաձայն նախապես հայտարարվածի՝ դադարեցվել էր առավոտյան ժամը 11։15-ից: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկող ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը
Վերջինս Tert.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ «Արմավիայից» հավաստիացրել են, որ այսօր փոխանցել են ևս 40 միլիոն դրամ, որը, հավանաբար, «Արմենիա միջազգային օդանավակայանների հաշվին» «կնստի» վաղը և այդ դեպքում ընդհանուր պարտքը 3.16 մլն դոլարից կհասցվի 3 մլն-ի, ինչը, չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածության, թույլատրելի սահմանը դեռևս գերազանցում է մոտ 640 հազ. դոլարով, այնուամենայնիվ, այս պահին ընդունելի է «Արմենիա միջազգային օդանավակայանների» համար, և ընկերությունը կսպասի «Արմավիայի» հետագա գործողություններին մոտակա օրերին։
«Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան Tert.am-ին հայտնեց, որ իրենք, «ինչ որ պետք է», արել են և ավելացրեց, որ այսօրվա 40 միլիոն դրամը փոխանցվել է երեկ, իսկ երեկվա 90 միլիոնը՝ երեկ չէ առաջին օրը:
«Մենք ամեն օր էլ, իսկականից, փոխանցում ենք: Այնպես որ, թող իրենք պատասխանեն, թե ինչու են տենց բաներ անում, որի հետևանքով ժողովուրդն է մեղք: Բայց ասեմ, որ սա միայն մեր ձեռքում չէ, և շատ ափսոս, որ ուղևորներն են սրանից տուժում»,- ասաց Նանա Ավետիսովան:
«Արմավիայի» մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ այսօր հիմնականում առավոտյան չվերթներ են եղել՝ և նշված ժամանակահատվածում միայն մեկ՝՝ դեպի Մոսկվա 14։15-ի չվերթն է, որ հետաձգվել է:
«Երեկվանից արդեն բոլոր այն ուղևորների տոմսերը, որոնք թռչում են հրատապ գործերով՝ վիրահատության, հուղարկավորության, այսինքն՝ հարգելի պատճառներով, վերաձևակերպվել է այլ ավիաընկերությունների չվերթներով: Իսկ մնացած ուղևորներին առաջարկվել է սնունդ, ջուր և կապի միջոցներ: Բոլոր նրանք, ովքեր ցանկացել են օգտվել մեր առաջարկից՝օգտվել են։ Սակայն եղել են անձինք, ովքեր չեն ցանկացել ու խնդրել են դուրս գալ օդակայանի տարածքից՝ թողնելով իրենց բջջային հեռախոսահամարները, որպեսզի անմիջապես, երբ վերականգնվի, վերադառնան»,- ասաց Նանա Ավետիսովան:










