«Արմենիա միջազգային օդանավակայանները» կրկին դադարեցրել է «Արմավիայի» չվերթերի սպասարկումը

12:07 • 18.10.12

Ինչպես և հայտարարվել էր՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը այսօր առավոտյան ժամը 11։15 –ից դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթերի սպասարկումը: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:


«Այսօրվա դրությամբ իրենց պարտքը գերազանցում է սահմանված թույլատրելի չափը 800 հազար ԱՄՆ դոլարով»,- ասաց Գևորգ Աբրահամյանը:

 

Հիշեցնենք, որ երեկ «Արմավիան» իրականացրել էր 90 մլն դրամի վճարում, որից հետո օդանավակայանը սպասարկող ընկերությունը համաձայնվել է թույլատրել ազգային ավիափոխադրողին իրականացնել թռիչքներ մինչև հաջորդ օրը առավոտյան 11։15։


Հիշեցնենք նաև, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան հայտնել էր, որ ընկերությունն իր ընթացիկ պարտքերն ամեն օր վճարում է: Իհարկե, նա դժվարացել էր պատասխանել հարցին, թե արդյոք վերը նշված 90 մլն դրամ գումարը իրենց ամենօրյա վճարումների շրջանակում է, ասելով. «Ես ֆինանսիստ չեմ և իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»;


Գևորգ Աբրահամյանը ևս դժվարացավ պատասխանել, թե արդյոք 90 մլն դրամ գումարը «Արմավիայի» ամենօրյա վճարումների սահմաններում էր, թե ոչ, սակայն այսօր մեզ հետ զրույցում ասաց՝ «էդ վճարումները եղել են թերի կամ չեն եղել։ Պայմանավորված սահմանաչափը երեկվա դրությամբ գերազանցում էր մեկ միլիոն դոլարով, և այսօրվա դրությամբ դա կազմում է 800 հազար դոլար»:


«Արմենիա միջազգային օդանավակայանները» ակնկալում է, որ «Արմավիան» օրվա ընթացքու որոշակի քայլեր կձեռնարկի պարտքի նվազեցման ուղղությամբ:


Նշենք, որ հայտարարված ժամկետից հետո նախատեսված էին 11։10-ին՝ Երևան-Մոսկվա, 11։30-ին՝ Երևան-Մինվոդի, 12։ 50-ին՝ Երևան-Ռոստով և մի քանի այլ չվերթեր:

 

«Արմավիայից» այս պահին մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան անհասանելի էր։