Հայաստանը կարող է ստանձնել կամրջի յուրահատուկ առաքելություն. Արմեն Աշոտյան

17:51 • 18.10.12

Գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների մասնակցությամբ բացվեց ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը, որին մասնակցում էին ԱՊՀ անդամ 6 պետությունների ներկայացուցիչներ, իսկ 3 պետության ներկայացուցիչներ՝ դիտորդի կարգավիճակով: 


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կրթությունը այն ոլորտներից մեկն է, որտեղ ԱՊՀ երկրները, ունենալով ընդհանրություններ, նաև տարբեր արագությամբ են իրականացնում կրթական բարեփոխումները: Նա նշեց, որ քննարկումների նպատակը միասնական կրթական դաշտի զարգացումն ապահովելն է:


«Տարբեր երկրներ տարբեր ուղղություններով են տանում իրենց կրթական համակարգը: Հայաստանը ունի ունիկալ առավելություն: Այն ԱՊՀ եզակի երկրներից մեկն է, որը միաժամանակ Եվրոպական կրթական տարածքի մաս է կազմում, և մենք կարող ենք առաջարկել մեր գործընկերներին մեր եվրոպական ինտեգրման փորձը: Եվրոպական գործընկերներին էլ կարող ենք առաջարկել ԱՊՀ տարածքի երկրների ներդրած փորձը»,-ասաց նա:


Նախարարը նշեց, որ այս կրթական կամրջի յուրահատուկ առաքելությունը Հայաստանը կարող է ստանձնել, որովհետև իրականում ձեռնարկված բարեփոխումները հիմնված են ազգային, ավանդական կրթական արժեքների և միջազգային փորձի վրա:


Ռուսաստանի Կրթության և գիտության փոխնախարար Ալեքսանդր Կլիմովը նշեց, որ թեև Խորհրդային Միության կրթական համակարգը շատ լավն էր, բայց միայն այն խնդիրների համար, որոնք դրել էր իր առջև: Ըստ նրա տնտեսական գիտելիքների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում խորհրդային հին կառուցվածքն այլևս չի կարող գործել:


Անդրադառնալով Հայաստանում գործող 12-ամյա կրթությանը, նա նշեց, որ նման կրթության քննարկման ժամանակ առավել կարևոր է քննարկել ոչ այնքան ավելացված տարիները, որքան այն, թե ինչպես է փոխվել կրթությունը:


«Արդյոք տարի ավելացնելու դեպքում ուսումնական գործընթացը փոփոխվե՞լ է թե՝ ոչ: Արդյոք երեխաների համար դպրոցը և ուսումը ավելի հետաքրքի՞ր է դարձել: Եթե այս երկուսը փոխկապակցվում են, ապա այդ ժամանակ սա իմաստ, իհարկե, ունի»,- ասաց նա: