Մահացել է «Էմանուել» էրոտիկ ֆիլմաշարի աստղը
Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում 61 տարեկանում մահացել է դերասանուհի Սիլվիա Քրիստելը, ում մեծ ճանաչում է բերել «Էմանուել» էրոտիկ ֆիլմաշարում ունեցած գլխավոր դերը, հայտնում է Вести-ն:
«Նա մահացել է գիշերը՝ քնած ժամանակ», - հայտնել է դերասանուհու շահերը ներկայացնող Features Creative Management գործակալությունը:
Վերջին մի քանի տարիներին հոլանդացի դերասանուհին տառապում էր քաղցկեղով: Դրանից բացի, այս ամառ նա կաթված էր տարել:
Մոդելի կարիերա սկսելով՝ Քրիստելը համաշխարհային հռչակ ձեռք բերեց, երբ 1974-ին հանդես եկավ «Էմանուել» ֆիլմում (ռեժիսոր՝ Ժյուստ Ժակեն), որը պատմում էր Ասիայում եվրոպուհու սեռական արկածների մասին:
Ֆիլմաշարի 4-րդ՝ վերջին մասը թողարկվեց 1984թ.-ին:
Այս դերով հռչակված Քրիստելը կինոյում ևս 50 դեր է կերտել, այդ թվում՝ Մատա Հարի և լեդի Չաթերլեյ:
2006-ին լույս էր տեսել նրա ինքնակենսագրությունը՝ «Մերկ կինը» վերնագրով:










