ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ Բեռնար Պիրասին
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Սենատի անդամ, Բուր-լե-Վալանսի քաղաքապետ Բեռնար Պիրասին, այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանում պարոն Պիրասին ճանաչում են որպես հայ ժողովրդի անկեղծ բարեկամի, ով իր քաղաքական գործունեության ընթացքում, թե՛ որպես սենատոր, թե՛ որպես պատգամավորական բարեկամության խմբի նախագահ և թե՛ որպես Բուր-լե-Վալանսի քաղաքապետ մեծ ներդրում է ունեցել հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում:
«Դուք միշտ Ֆրանսիայի մեր հայրենակիցների և Հայաստանի կողքին եք եղել մեզ համար կարևորագույն հարցերում և մեծ ներդրում ունեք Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման մասին օրենքի ընդունման գործընթացում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բարձր գնահատելով հայ -ֆրանսիական քաղաքական երկխոսության ներկա մակարդակը` խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի էլ ավելի զարգացումը և ամրապնդումը` այս հարցում կարևոր դերակատարություն վերապահելով բարեկամական խմբերին:
Երկկողմ կապերի սերտացման առումով` ԱԺ նախագահը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործակցությունը և այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ համարել Բուր-լե-Վալանսի և Թալինի քաղաքների միջև առկա ջերմ հարաբերությունները և համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` սենատոր Պիրասը նույնպես կարևորել է Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը և խորացումը և նշել, որ իր այցի նպատակն է առավել ամրապնդել միջխորհրդարանական կապերը, ինչպես նաև Բուր-լե-Վալանս-Թալին փոխգործակցությունը:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում կացնահարելով սպանած Ռամիլ Սաֆարովի գործին: ԱԺ նախագահը, խստորեն դատապարտելով հունգարաադրբեջանական գործարքը և նշելով, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանք տվեց այդ փաստին, համոզմունք է հայտնել, որ պետք է համարժեք արձագանք տրվի նաև երևույթին և կոնկրետ քայլեր իրականացվեն, որպեսզի այն նախադեպ չդառնա:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանում պետական մակարդակով քարոզվում է հայատյացությունը, ինչը պետք է բավարար հիմք հանդիսանա միջազգային հանրության համար՝ հասկանալու, որ ոչ մի դեպքում և ոչ մի ձևաչափով Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որը հերոսացնում է մարդասպան սաֆարովներին:
Բեռնար Պիրասը տեղեկացրել է, որ որպես Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ իրեն էր հանձնարարվել նախապատրաստել զեկույց Հունգարիայի գործողությունների վերաբերյալ:
Ֆրանսիացի սենատորն իր զեկույցը վերնագրել է «Հունգարիան ազատության, մարդու իրավունքների և եվրոպական արժեքների դեֆիցիտ ունի»: Նա նաև նամակ է ուղարկել Ֆրանսիայում Հունգարիայի դեսպանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս:










