Ջնդի Ամալյանին ուղեկցող ավտոշարասյան մեջ կանայք և երեխաներ չեն եղել. Ոստիկանություն
Երեկ կանգնեցվել և զգուշացվել է Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր Ջնդի Ամալյանին ուղեկցվող ավտոշարասյան մեքենաները: Այս մասին այսօր մամուլում տեղ գտած տեղեկատվությունը Tert.am –ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ միաժամանակ նշելով, որ ավտոշարասյան մեջ չեն եղել Ջնդիի կինն ու երեխան: Միաժամանակ Ոստիկանությունում չհերքեցին տեղեկությունը, որ մեքենաներում եղած մարդիկ տարվել են Ոստիկանության բաժին։
Ինչպես տեղեկացրել էր այսօրվա «Ժողովուրդը» երեկ ժամը 16:30-17:00-ի սահմաններում, Կիևյան փողոցում թերթի թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները հետապնդելով կանգնեցնում «Արևելյան խոհանոց» սրճարանի սեփականատեր, քրեական աշխարհում հայտնի Ջնդի Ամալյանի երկու թանկարժեք ավտոմեքենաները և դրանցից մեկում եղած 6 երիտասարդների բերման ենթարկում:










