Lexus-ը Ավստրալիայում կներկայացնի նորացված LF-LC կոնցեպտը (լուսանկարներ)
Ճապոնական Lexus-ը ոչ մի հնարավորություն բաց չի թողնում իր նորարարական տեխնոլոգիաները ցուցադրելու համար, հատկապես` հիբրիդային, սպորտային և գեղեցիկ ոճային մեքենաների ոլորտում: Ավստրալիայի միջազգային ավտոսրահի շրջանակներում ընկերությունը կներկայացնի իր թարմացված LF-LC Blue կոնցեպտը, հաղորդում է Vesti-ն:
Սիդնեյում ներկայացվող LF-LC-ն, պահպանելով նույն ներքին որակները, դրանց ավելացրել է բացառիկ գունավորումը` «Երկնագույն օպալ»: Ընկերության փորձագետները աշխատել են առավելագույնս կրկնել կիսաթանկարժեք քարի գունավորումը: Այդ գույնը պատահական չէ ընտրված, քանի որ օպալ քարի այդ տեսակը գտնում են ավստրալական հարթավայրային շրջաններում:
«LFA նախագծի մտահղացման զարգացնելով, նախագծողները LF-LC կոնցեպտում ակտիվորեն կիրառում են ածխածնային միացությունների և ալիումինային համաձուլվածքների համադրման Lexus-ի սեփական փորձը, որի շնորհիվ զգալիորեն թեթևացվում է մեքենայի քաշը»,- նշում է ավտոարտադրողը:
Գեղեցիկ և նորարարական արտաքինի տակ թաքնված է հիբրիդային ուժային ագրեգատը, որը բաղկացած է հզոր և արդյունավետ ներքին այրման շարժիչից և էլեկտրական շարժիչից, որը սնուցվում է բարձր հզորության, նորագույն տիպի մարտկոցներից, որոնք ունենալով փոքր չափ և քաշ, զգալիորեն գերազանցում են այն մարտկոցները, որոնք այսօր կիրառվում են հիբրիդային մեքենաների վրա: Մեքենայի գումարային հզորությունը կազմում է 500 ձիաուժ:










