Ամերիկացի գիտնականները մշակել են երիտասարդացման «վամպիրային» մեթոդ
Երիտասարդ արյունը կենդանացնում ու կենսական նոր ուժեր է հաղորդում ծեր մարմիններին։ Նման եզրահանգման են եկել հեղինակավոր ամերիկյան Սթենֆորդ համալսարանի նյարդաբանները՝ մի շարք հետազոտությունների անցկացումից հետո, գրում է Daily Mail-ը։
Փորձերն անցկացվել են ծերացող մկների վրա, որոնց ներարկվել են երիտասարդ մկների արյունը։ Արդյունքում ծեր մկների ուղեղի բջիջներն ակտիվացել են, իսկ հիշողությունն էլ զգալի լավացել։ Սակայն, երբ երիտասարդ մկներին են ներարկել ծերերի արյունը, տեղի է ունեցել հակառակը. նրանց հիշողությունը վատացել է, իսկ ուղեղի ակտիվությունն էլ կտրուկ նվազել։
«Վամպիրային» բուժումն այնքան արդյունավետ է, որ 18 ամսական մկները նույնպիսի հաջողությամբ են անցել հիշողության թեստերը, ինչպես նրանց 4 ամսական ընկերները։
Այժմ գիտնականները մտադիր են նույն բուժումը կիրառել մարդու վրա, և եթե այս դեպքում ևս նման դրական արդյունք գրանցվի, ապա երիտասարդ արյան ներարկման միջոցով բուժումը կարող է լիովին նոր, հեղափոխական տարբերակ դառնալ ծերացումը կանխելու համար։
Գիտնականների կարծիքով՝ դա էապես կնպաստի Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների տոկոսի կտրուկ նվազմանը։










