Շատերը գալիս են իշխանության ու մոռանում հեռանալ. Սաակաշվիլի
Վրաստանը չի կարող մինչև վերջ ժողովրդավարական երկիր համարվել, քանի դեռ կրկնակի իշխանափոխություն չի եղել։ Այս մասին, apsny.ge-ի փոխանցմամբ, Եվրոպական ժողովրդավարական կուսակցության կոնգրեսում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Մի քանի օրից Վրաստանում կլինի նոր խորհրդարանական մեծամասնություն, և այլ քաղաքական ուժ կզբաղեցնի գործադիր մարմինը։ Սա բնական գործընթաց է պատվիրակների համար, որոնք գտնվում են այս սրահում, ինչը չես ասի մեր տարածաշրջանի և իմ երկրի մասին»,- ասել է նախագահը։
Նա հավելել է, որ ժողովրդավարության տեսանկյունից՝ Վրաստանն արել է կարևոր քայլեր, սակայն «չենք կարող ասել, որ մինչև վերջ ժողովրդավար ենք, մինչև չանցկացվեն հաջորդ ընտրությունները և գոնե երկու անգամ չփոխվի իշխանությունը»։
«Շատերն են ժողովրդավարական ճանապարհով գալիս իշխանության, սակայն մոռանում են հեռանալ։ Մենք արել ենք առաջին քայլերը, սակայն շարունակության համար մեզ հարկավոր եք դուք»,- նման խոսքերով է դիմել նախագահը կոնգրեսի մասնակիցներին։










