Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրներում մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի նախաստորագրումը

12:51 • 18.10.12

Այսօր Բրյուսելում տեղի կունենա ԵՄ անդամ երկրներում մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչին առաջիկայում կհաջորդի համաձայնագրի ստորագրումը: Այս մասին Tert.am –ին հայտնեց Հայաստանի փոխարտգործնախարար, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:


«Բանակցությունները մենք արդեն ավարտել ենք և մտնում ենք ընթացակարգային փուլ: Հաշվի առեք, որ մեր ընթացակարգային փուլը շատ ավելի հեշտ է, քան մեր գործընկերներինը: Իսկ մինչև ստորագրումը կլինեն պարզ ընթացակարգային աշխատանքներ, ինչին կհաջորդի խորհրդարանների կողմից համաձայնագրի վավերացումը»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

 

Նշենք, որ եթե Հայաստանի պարագայում համաձայնագիրը պետք է վավերացնի Ազգային ժողովը, ապա ԵՄ-ից՝ Եվրոպական խորհրդարանը:

 

Պատասխանելով բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո համաձայնագրի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին, Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ դյուրացված վիզային ռեժիմով եվրոպական երկրների մտնելու հնարավորություն մեր քաղաքացիները կունենան արդեն 2013-ի առաջին կիսամյակի ընթացքում:

 

Ինչ վերաբերում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ընձեռած հնարավորություններին, ապա դրանք թույլ են տալիս իրական ճանապարհորդողներին (այլ ոչ Եվրոպայում մնալու մտադրություն ունեցողներին -Tert.am ) դյուրացված կերպով այցելել Շենգենյան գոտի և ԵՄ անդամ երկրներ: Եվ դա վերաբերելու է ՀՀ քաղաքացիների տարբեր խմբերի՝ ուսանողների, լրագրողների, ակադեմիական և բիզնես շրջանակներին և այլն:


Նշենք, նաև որ վիզաների դյուրացումը ենթադրում է նաև Եվրոպայում մնալու ժամկետների ավելացում:

 

Հիշեցնենք, որ Ասոցացման համաձայնագիրը բանակցվում էր, որպեսզի փոխարինի Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված և ներկայումս գործող Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: