Սիրիայում ապստամբների գրաված քաղաքի ռմբակոծումից 44 մարդ է զոհվել

21:35 • 18.10.12

Սիրիայում նվազագույնը 44 մարդ է զոհվել ապստամբների կողմից գրավված Մաարետ ալ-Նուման քաղաքում սիրիական օդուժի ռմբահարման հետևանքով, հաղորդում է Agence France-Presse-ը:


Գործակալության
տեղեկություններով, այսօր կառավարական օդուժի հարվածներից ամբողջովին քանդվել են երկու բնակելի շենքեր և մզկիթը, որոնց մեջ խաղաղ բնակիչներ են եղել:


Փլատակների
տակից դեռ մարդիկ են հայտնաբերվում, այդ պատճառով զոհերի թիվը կարող է աճել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, բժիշկներ և կամավորներ:


Իդլիբ
նահանգի Մաարետ ալ-Նուման քաղաքը վերջին մի քանի օրերին շարունակում է Սիրիայի հիմնական մարտական գործողությունների թատերաբեմ հանդիսանալ:


Կառավարական
զորքերը գնդակոծում և զրահատեխնիկայի միջոցով փորձում են հետ գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքը, սակայն ապստամբները դեռ կարողանում են հետ մղել նրանց:


Նախօրեին
ապստամբները կարողացել էին կառավարական օդուժի երկու ուղղաթիռ խփել:


Սիրիայի կառավարական
ուժերը փորձում են հետ գրավել Մաարետ ալ-Նուման, քանի որ այն գտնվում է երկրի կարևորագույն քաղաքներ` Հալեպը և Դամասկոսը կապող մայրուղու վրա:


Առանց
այդ մայրուղու լիակատար վերահսկողության բանակը չի կարող երկրի հյուսիսի իր ստորաբաժանումների հետ լիարժեք կապ պահել։