Ոստիկանությունը բացահայտել է Երևանում 20 տարի առաջ կատարված երիտասարդի և երեխայի սպանությունը (տեսանյութ)

14:24 • 19.10.12

Անցած ութ ամիսների ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է նախկինում կատարված հանցագործության 830 դեպք, որոնցից 54 –ի քրեական գործերը կասեցված էին կատարողի անձի անհայտ լինելու պատճառով: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:

 

Այդ թվում՝ բացահայտվել է սպանության 3, սպանության փորձի՝ 1 և կողոպուտի և ավազակային հարձակման 18 դեպք:

 

Ոստիկանության բացահայտած հանցագործությունների թվում է նաև 20 տարի առաջ մայիսի 22 –ին մայրաքաղաքի Բուռնազյան-Սասունցի Դավիթ փողոցների խաչմերուկում «ՎԱԶ 21» մակնիշի սև մեքենայից արձակված կրակոցների հետևանքով կատարված կրկնակի սպանությունը: Տուժած երիտասարդը՝ Սոս Եղիազարյանը մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ գլխի հրազենային վնասվածքներ ստացած յոթնամյա երեխան՝ արդեն հիվանդանոցում՝ վիրահատությունից հետո: Կրակահերթի տակ նա ընկել էր պատահաբար՝ փողոցն անցնելիս:

 

Փաստի առթիվ այն ժամանակվա Էրեբունու շրջանի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը պարզում է կասկածյալներին. Սմբատ Գրիգորյանը և նրա երեք ընկերները, որոնց հայտնաբերվել չի հաջողվում և հայտարարվում է հետախուզում:

 

Անցած քսան տարիներին այս քրեական գործի վարույթը մի քանի անգամ կասեցվում և վերաբացվում է, մինչև որ այս տարվա գարնանը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքի իրենց գործընկերներից տեղեկություն են ստանում, որ ավելի քան քսան տարի հետախուզման մեջ գտնվող Սմբատ Գրիգորյանը հայտնաբերվել և ձերբակալվել է:

 

Մանրամասները առաջարկում ենք դիտել ոստիկանության պատրաստած տեսանյութում։